ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԻԵՏԱ ԲԵՆԻԿԻ

Ծնվել է 1965 թվականի փետրվարի 7-ին, Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում: 1972 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոց:

Եղել է ամուսնացած, ունի երկու երեխա:

1993 թվականի փետրվարի 10-ին վիրավորվել է Լաչինչ շրջանում եւ ծանր վիրահատության ենթարկվել: Մահացել է նույն թվականի ապրիլի 18-ին, հիվանդանոցում:

* * *

1988 թվականին Մարիետան ընդամենը 23 տարեկան էր, բայց թվում էր, թե մի ամբողջ կյանք է ապրել՝ լի թափառումներով, տառապանքներով ու հիասթափություններով: Ծնված օրվանից կյանքի հարվածները հետեւում էին մեկը մյուսին: Ինը տարեկան աղջնակ էր, երբ մահացավ հայրը: Երկու տարեկան եղբայրն ու ինքը մնացին վատառողջ մոր խնամքին: Նույնիսկ ապրելու տեղ չունեին: Ապրում էին մի կերպ, թափառական կյանքով: Ճակատագրի երկրորդ հարվածն ավելի անտանելի էր՝ նոր էր լրացել Մարիետայի 16 տարին, երբ հարազատների սադրանքների զոհ դառնալով, բանտ ընկավ նրա մայրը, իսկ եղբայրը հայտնվեց մանկատանը: Նոր կյանք մտնող աղջիկն այսուհետ ինքնուրույն պետք է հոգար իր կարիքները:

Sargsyan Marieta.jpgՀետագայում մայրը վերադարձավ կալանավայրից, գտավ աղջկան: Մի կտոր հողամասի վրա միացյալ ուժերով փայտե տնակ կառուցեցին, փորձեցին հաստատվել, ամրապնդել իրենց տեղն այս երկրի վրա: Հետո գտնվեց եղբայրը: Ինքը՝ Մարիետան, ամուսնացավ: Թվում էր, թե այսքանով կվերջանան նրանց փորձությունները, սակայն ոչ, ճակատագիրը դեռ անակնկալներ ուներ հրամցնելու՝ Մարիետայի ամուսինը լքեց ընտանիքը, երկու փոքրահասակ երեխաներին թողնելով վերջինիս հույսին:

Ավելի դաժան կյանք մի աղջկա համար դժվար է պատկերացնել: Մարիետան հիասթափվում է կյանքից, այս աշխարհից, մարդկային անարդարությունից, ճակատագրի անողոք հարվածներից: Նրա ապրումները, բողոքն ու տրտունջները վեր են ածվում բանաստեղծությունների, երբեմն՝ հասարակ, երբեմն՝ թռիչքներով, երբեմն՝ մեծերի տողերը հիշեցնող, բայց բոլոր դեպքերում՝ զգացմունքային, որովհետեւ նա իր սրտի խորքից իր դառն ապրումներ էր հանձնում թղթին, դատարկում սիրտը…

Եվ չկա ինձ ազատում այս անվախճան գիշերից,
Փրկեցեք ինձ այս բանտից ու խավարից,
Այս երկրում ես որպես որբ եմ թափառում…
Արհամարհված, անտեսված, ոտնահարված, ինքն իր աչքում անգամ ընկած ու վերջնականապես ամեն ինչից հույսը կտրած մարդու բողոք: Բանաստեղծությունների տետրի վրա գրել է՝ «Հիշատակ», եւ, եթե չլիներ 1988 թվականը, չլիներ ազգային վերելքի հզոր ալիքը, Մարիետան իր զավակներին պիտի թողներ միայն այս հիշատակների տետրը եւ համագյուղացիների անորոշ, կասկածելի փսփսոցները:
Տարածվող հզոր մակընթացությունը հասավ, հարություն տվեց նրան, եւ նա ուղղեց մեջքը, նայեց ու տեսավ, որ կա նաեւ մի այլ աշխարհ, մի աշխարհ, որտեղ մարդիկ հասկանում են միմյանց, դժվարին պահերին ձեռք մեկնում եւ նույնիսկ՝ կյանք զոհաբերում: Զարմանալի եւ հիանալի մի աշխարհ, եւ Մարիետա Սարգսյանը զինվորագրվեց այդ աշխարհին ու, ի զարմանս համագյուղացիների, դարձավ այլ մարդ, մարդ, ում շատերն էին հարգանքով վերաբերվում, գնահատում:

Ջոկատներին բուժքույրեր էին հարկավոր: Տղաները կռվում էին, վիրավորվում, օգնել էր պետք: Ինքը Սասուն Ղազարյանի ջոկատում էր, եւ դրա կազմում դեռեւս 1989-ին եղավ Երասխավանում, Նոյեմբերյանի շրջանում, հետո՝ Գորիսի շրջանում՝ Խնձորեսկ, Հարթաշեն:

1990 թվականից Մարիետան միացավ «Մեծն Տիգրան» զորամիավորմանը եւ մասնակցեց փառավոր մարտական գործողությունների՝ Շահումյանի շրջան, Ստեփանակերտ, Լաչինի շրջան:

1991 թվականի մարտից տեղափոխվեց «Զորավար Անդրանիկ» ջոկատ, մասնակցեց Արծվաշենի, Շամշադինի, Շահումյանի պաշտպանական գործողություններին: Տարիների ընթացքում կոփվեց, ձեռք բերեց զինվորին հատուկ ինքնավստահություն, սկսեց հարգել, գնահատել իրեն: Անցավ հիասթափությունն այս աշխարհից ու ատելությունն աշխարհի հանդեպ:

Մարտական ընկերները Մարիետայի մասին ասում էին՝ մեր ախպերն ա, եւ նա իրեն տղամարդու նման էր պահում՝ ամենածանր պահերին ոգեշնչելով ու համարձակություն ներշնչելով շատ տղամարդկանց, ովքեր դեռ փորձ չունեին պատերազմում:

1992 թվականի հունվարին ստեղծվեց Մասիսի շրջանի թիվ 77382 զորամասը: Բացի զորակողչիներից նաեւ փորձված զինվորներ էին հարկավոր: Մարիետան ընդգրկվեց զորամասի կազմում եւ արդեն հունվարի 21-ին մեկնեց Լաչինի շրջան՝ Կոբրա: Սկսված մարտական գործողությունները լայն թափ էին ստանում: Ադրբեջանցիները, չդիմանավոլ հայկական բանակի հարվածներին, ստիպված էին տեղի տալ՝ բացելով Արցախը Մայր Հայաստանին միացնող միջանցքը:

Զորամասը մարտերի մեջ մտավ Կոբրայի մոտակայքում: Ադրբեջանցիները լուրջ դիմադրություն էին ցույց տալիս: Մարիետան փոքրաթիվ մի խմբի հետ շրջափակման մեջ ընկավ: Այստեղ նա, օգտագործելով իր փորձն ու մարտական կոփվածությունը, իսկական անձնազոհություն ցուցաբերեց՝ մեն-մենակ մնալով թշնամու օղակման մեջ, կռվեց, մինչեւ անփորձ նորակոչիկները կարողացան դուրս պրծնել, հետո դուրս եկավ ինքը:

Երկու ամիս անց զորամացը Կոբրայից տեղափոխվեց Մոլոլար՝ դեպի Քարվաճառի շրջան տանող ճանապարհը բացելու համար: Հակառակորդն զգում էր, որ հայերի ռազմական ճնշումն օրեցօր ավելանում է, ինքն էլ նոր ուժեր ու տեխնիկա էր կենտրոնացնում: Առայժմ դիրքային կռիվներ էին ընթանում: Հերթափոխության ժամանակ հանկարծակի ուժեղ հրետակոծություն սկսվեց: Կրակում էին «Գրադ» կայանքներից, տանկերից, հրանոթներից: Նոր տղաներից Գերասիմը վիրավորվեց: Ընկերները, ովքեր նույնպես անփորձ էին, գլուխները կորցրած սկսեցին փախչել: Մարիետան վազեց դեպի վիրավորը.

– Ո՞ւր եք փախչում, – կանչում էր զինվորներին, – ձեր ընկերոջը թողած ո՞ւր եք փախչում, ամոթ ձեզ:

Երբ արդեն վիրավորի մոտ էր, մի արկ պ այթեց՝ բոլորովին մոտիկ: Կռացավ, վիրավորին իր մարմնով պաշտպանելու… մայրական բնազդը գործեց: Ինքը ծանր վիրավորվեց բեկորներից, իսկ վիրավորի կյանքը փրկեց:

1992 թվականի փետրվարի 10-ն էր: Փետրվարի 7-ին՝ Մոլալար տեղափոխվելու ճանապարհին, նշել էին իր ծննդյան տարեդարձը: Հրամանատարը Անդրանիկը բաժակը բարձրացրեց, ասաց՝ երկար կյանք քեզ, Մարիետա: Իսկ Մարիետան կատակեց՝ ես անմահ եմ… սակայն մահն արդեն դարանակալել էր: Վերքը ծանր էր ու մահացու: Մարիետային տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկները երկար պայքարեցին մահվան դեմ, բայց չկարողացան հաղթել: 1993 թվականի ապրիլի 18-ին նա մահացավ:

Մարիետան մահացավ կատակելով եւ զինվորի նման անտրտունջ: Հեռացավ՝ թողնելով բանաստեղծությունների մի տետր եւ փայտե մի տնակ, ինչպես նաեւ՝ հայրենիքի համար կյանքը հերոսաբար զոհաբերած ազատամարտիկի անուն:

 

Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» գրքից

 

 

 

 

 

 

Leave a comment