ՄԵՐ ՏԱՆ ՏՂԱՄԱՐԴՆ ԷԼ ԵՍ ԵՄ

ԱՎԱԳՅԱՆ ԱՆՈՒՇ ԼԵՐՄՈՆՏԻ

Ծնվել է 1968 թվականի ապրիլի 24-ին, Ստեփանակերտում: 1975 թվականին ընդունվել եւ 1985-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Հետագայում ավարտել է Ստեփանակերտի բժշկական եւ առեւտրի ուսումնարանները:

Աշխատել է որպես վաճառող:

Ամուսնացած էր, ունի երկու զավակ:

Զոհվել է 1993 թվականի փետրվարի 7-ին:

***

1991 թվականի ծանր ձմեռն իր ճերմակ ծածկոցի տակ էր առել Արցախ աշխարհը: Ժամանակները տագնապալի էին՝ Արցախը հայտնվել էր կյանքի եւ մահվան սահմանագծում, դրված էր նրա լինել-չլինելու հարցը: Հայ ազգի անձնուրաց զինվորներին իրենց կյանքն էին զոհաբերում, որպեսզի խափանվի Արցախի բնաջնջման՝ թուրք ջարդարարների հերթական ծրագիրը: Տարիներ առաջ ստեղծված զինյալ ջոկատներն արդեն բացահայտ կռվի մեջ էին:

Անուշ Ավագյանն ուշի-ուշով հետեւում էր դեպքերի զարգացման ընթացքին եւ մի օր անպայման վճիռ էր կայացնելու: Նա վաղուց կլիներ կռվողների շարքում, եթե չխանգարեին փոքրահասակ երեխաները: Մայրն Անուշի որոշումը շատ ծանր ընդունեց.

– Դու կին ես եւ մայր, – խեղճացած ասաց նա, – ես էլ՝ արդեն վաթսունս անց: Որ, Աստված չանի, մի բան պատահի, ո՞վ է երեխաներիդ պահելու:

Անուշը գրկեց մորը, ջերմորեն սեղմեց կրծքին.

– Մայրիկ ջան, ամեն ընտանիքից մեկը պիտի գնա, մեր տան տղամարդն էլ ես եմ:

Եվ մայրը չկարողացավ հակառակվել: Այնքան վճռական էր Անուշը, միեւնույն ժամանակ այնքան մեղմ ու բարի, այնքան ջերմ հոգու տեր, որ անհնար եղավ չզիջել նրան:

1991 թվականի ծանր ձմռանն էր: Գրանցվեց Կարո Բաբայանի հրամանատարությամբ գործող ջոկատի կազմում՝ որպես մարտիկ-բուժքույր, եւ անմիջապես մասնակցեց Մարտունու շրջանի Ղարադաղլու (Վարանդա) գյուղի համար մղվող մարտերին: Ծանր մարտեր էին: Վաշտը երեք վիրավոր ունեցավ: Անուշի համար առավել ծանր էր՝ առաջին կռիվն էր, եւ վիրավորներին վիրակապելիս արյան հոտից ու գույնից գլխապտույտ ու սրտխառնոց ունեցավ, բայց գերբնական լարումով տիրապետեց իրեն, հաղթահարեց առաջին փորձությունը, վիրավորներին վիրակապեց եւ դուրս բերեց մարտադաշտից:

Անուշը դարձավ իսկական զինվոր եւ բուժքույր՝ կոփված, ամուր, զգացմունքներին տիրապետող, միեւնույն ժամանակ՝ գթասրտությամբ լեցուն: Առաջին փորձությունից հետո հարազատ վաշտի հետ փառավոր մարտական ուղի անցավ՝ Խոջալու, Շուշի, Լաչինի միջանցք, Բերդաձոր, Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ եւ Փրջամալ գյուղեր: Այստեղ, ծնկից վիրավորվելով, տեղափոխվում է Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց: Վերքը ծանր էր, ստիպված էր երկար ապաքինվել: Հրամանատարներն ու զինակից ընկերները հաճախ այցելում էին, հոգ տանում, որ արագ ապաքինվի, միաժամանակ էլ համոզում էին, որ չվերադառնա վաշտ, մնա տանը՝ փոքրիկ երեխաներին խնամելու:

Անուշը չէր կարող անմասն մնալ ծավալվող իրադարձություններից, եւ վերադարձավ շարք: Վաշտն արդեն գումարտակ էր դարձել: Համալրում էր ստացվել, նոր տղաներ էին հայտնվել: Բոլորը սիրով եւ ուրախությամբ դիմավորեցին Անուշին: Նա դեռ կաղում էր, քայլում էր ձեռնափայտի օգնությամբ:

– Այդ վիճակով ի՞նչ ես անելու, – ասաց շտաբի պետ Աշոտ Պետրոսյանը, ով իրենց հարեւանն էր եւ լավ գիտեր նրանց տնտեսական վիճակը, – ավելի լավ չի՞ լինի մնաս, փոքրիկներիդ մեծացնես:

– Ես չեմ կարող հեռանալ, երբ դեռ նոր են սկսվելու ծանր կռիվները, – պատասխանեց Անուշը, – Արցախը դեռ ազատագրված չէ:

– Դու ֆիզիկապես անկարող ես, – համոզում էր շտաբի պետը, – կռվել չես կարող:

– Ինձ մարտական մեքենա տվեք, – համառեց Անուշը, – ոտքով քայլելու կարիք չի լինի:

Համոզել անհնարին էր: Անուշին նշանակեցին ԲՄՊ-ի անձնակազմի հրամանատար: Անձնակազմի անդամներն էին Վագիֆ Քոչարյանն ու Դավիթ Լադոյանը՝ Մասիսի շրջանից: Պարզվեց, որ Անուշը ոչ միայն լավ բուժքույր ու զինվոր է, այլեւ՝ լավ հրամանատար: Մարտական մեքենայի անձնակազմն անմիջապես աչքի ընկավ. ամենապատասխանատու տեղերը նրանց էին ուղարկում՝ լավ իմանալով հրամանատարի հմտությունն ու անվախությունը:

1992 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր մասնակցեցին Բերդաձորի Եղծահող գյուղի համար մղվող մարտերին: Դեկտեմբերին մարտական մեքենան վերանորոգելով՝ տեղափոխվեցին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մոտակայքը: 1993 թվականի հունվարի 15-ից Շուշվա գումարտակի կազմում մասնակցելով հարձակողական գործողություններին, թուրքերին մեծ կորուստներ պատճառելով, ստիպեցին նահանջել դեպի հյուսիս-արեւելք: Հունվարի վերջին նորից վերադարձան գումարտակ, մասնակցեցին Չլդրան, Դրմբոն, գյուղերի ազատագրմանը:

Թշնամին գլխապատառ փախչում էր: Առաջին հաջողություններից ամբարտավան դարձած նրա հրամանատարներն ու զինվորները վեր էին ածվել խուճապահար հոտի, մեկը մյուսի հետեւից թողնում էին գյուղերն ու բարձունքները: Հայ զորականները, ոգեւորված ռազմական հաջողություններից, հետապնդում էին թշնամուն:

1993 թվականի փետրվարի 4-ին գումարտակը տեղափոխվեց Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքը եւ, գրավելով ճանապարհին տեղակայված ամրություններն ու բարձունքները, հասավ Վաղուհաս գյուղի մատույցներին:

Փետրվարի 7-ին պետք է գրոհեին Վաղուհասի վրա: Նախօրեին արդեն գրավել էին բոլոր հարմար բարձունքները, ճշտել հարձակման ուղղությունները: Մարտական տեխնիկան՝ բլրի ետեւում դարան մտած, սպասում էր հարձակման հրամանի: Թղթակիցներ էին եկել դիրքեր՝ նկարվեցին: Հանկարծակի հրետակոծություն սկսվեց: Թշնամու արկն ընկավ մոտիկ կանգնած տանկի փողի վրա: Չհասցրին էլ թաքնվել: Պայթյունին ամենամոտիկ կանգնածն Անուշն էր՝ իր ճակատագիրն էր: Բեկորները խոցեցին գլխից, մեջքից, ոտքերից: Նրան անմիջապես տեղափոխեցին զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները ջանք չխնայեցին կյանքը փրկելու համար, բայց վերքերը ծանր էին, փրկել չկարողացան, մահացավ վիրահատական սեղանին:

«Ամեն ընտանիքից մեկը պետք է գնա», – ասում էր Անուշը: Ինքն էլ իր ընտանիքից գնաց եւ փառահեղորեն կատարեց պարտքը  հայրենիքի հանդեպ:

Հիմա Արցախում խաղաղություն է, եւ այդ խաղաղությունը նվաճվել է Անուշի, նրա հրամանատար, շտաբի պետք Աշոտ Պետրոսյանի եւ իրենց նման հազարավորների կյանքի գնով: Հիմա գումարտակը դարձել է գունդ՝ զինված ժամանակակից զինատեսակներով, պատրաստ ցանկացած պահի հակահարված հասցնելու թուրք զավթիչներին, պաշտպանելու արյունով նվաճված ազատությունն ու անկախությունը:

Անուշի տղան արդեն դպրոց է գնում՝ երկրորդ դասարան: Կյանքը փոխվում է, բայց անուշի երեկվա զինակից ընկերները չեն մոռանում նրան: Անուշի դպրոցական տղան ամեն օր գալիս է գունդ, որտեղ տղերքը նրան ընդունում են հարազատի նման, դասերը պարապում, նոր կոշիկ ու հագուստ նվիրում: Անուշի փոխարեն տղամարդ է մեծանում իր ընտանիքում, իսկ ինքը երկնքից հետեւում է մեծացող, տղամարդ դարձող որդուն ու չի զղջում Արցախի ազատությանն ու ազատ մեծացող տղային նվիրաբերած կյանքի համար:

 

Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» գրքից

2004 թվական

 

 

 

 

 

 

Leave a comment