ԳՈՒՑԵ ԵՏ ԳԱՍ ՄԻ ՕՐ

ԲԴՈՅԱՆ ՀԵՂԻՆԵ ԼՅՈՒԴՎԻԳԻ

Ծնվել է 1973 թվականի մայիսի 30-ին, Երեւանում: 1980 թվականին ընդունվել ու 1990 թվականին ավարտել է Նորքի թիվ 61 դպրոցը:

Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղի համար մղվող մարտերում

***

Տուն տանող ճանապարհն անցնում էր Նորքի ոսկրաբուժական հիվանդանոցի մոտով, որտեղ բուժվում էին Արցախում եւ հանրապետության սահմաններում վիրավորված ազատամարտիկները: Հեղինեն հաճախ էր կանգ առնում, նայում հիվանդանոցի կողմը. հոգու խորքում անհասկանալի մի ուժ անընդհատ ձգում էր այնտեղ: Մի օր էլ, չկարողանալով հաղթահարել գիշեր-ցերերկ իրեն հանգիստ չտվող զգացողությունը, մտավ հիվանդանոց: Այդ պահից էլ կտրուկ շրջադարձ կատարվեց նրա կյանքում:

Ազատ ժամերին խնամում էր վիրավորներին, իր գեղեցիկ ժպիտով եւ քնքուշ վերաբերմունքով մեղմում նրանց տառապանքները, կյանքի հույս ներշնչում: Հաճախ էլ խնդրում էր մորը, տանը թխվածքներ էին պատրաստում, տանում, հյուրասիրում էր տղաներին:

Հետո Հեղինեի մեջ Արցախ մեկնելու ցանկություն ծնվեց: Ծնողները դեմ էին, նույնիսկ փակում էին տանը, սակայն նրան դժվար էր ետ պահել: Մոր ծննդյան օրը՝ 1992 թվականի հունիսի 13-ին, խաբեց, թե գնում է նվեր գնելու ու դուրս եկավ տնից: Այլեւս չհանդիպեցին…

Սկզբում Հադրութի շրջանի ջոկատում էր, ապա տեղափոխվեց Էջմիածինցի Մանվելի ջոկատ: Կապավորի կարիք ունեին: Մանվելը կանչեց կապի պետ Արսեն Մանուկյանին եւ ասաց.

– Աչքի լույսի պես պահեք էս աղջկան:

Հեղինեն աչքաբաց աղջիկ էր. լավ կապավոր դարձավ: Բոլորը հարգանքով էին նրան վերաբերվում եւ Հեղինեի փոխարեն անվանում Հերմինե: Երեք ամիս հետո ջոկատ եկավ բուժքույր Ռուզաննան: Դարձան անբաժանելի ընկերուհիներ:

Հեղինեն շտաբում ձանձրանում էր, ցանկանում էր գնալ առաջին գիծ, եւ հասավ իր նպատակին: Շուտով նրան, որպես կապավոր, ուղարկեցին առաջին գիծ: Այստեղ, իհարկե, կյանքն այլ էր՝ անընդհատ գնդակոծություններ, հարձակումներ, ժամանակ էլ չէր լինում լիարժեք հանգստանալու: Հեղինեն միայն արտաքինով էր փոքրիկ ու փխրուն: Ամեն դժվարության դիմանում էր:

Մորն ուղարկած միակ նամակում գրել է. «Բարեւում եմ ձեզ, իմ սիրելի հարազատներ: Ցանկանում եմ միայն, որ դուք լավ լինեք ու չմտածեք իմ մասին: Ես շատ լավ եմ: Սիրելիներս, իմ օրերն այստեղ շատ լավ են անցնում՝ 10 օր պոստի եմ գնում, 10 օր՝ հանգստանում: Ճիշտ է, մի քիչ ցրտերն ընկել են, բայց ոչինչ: Մի խոսքով՝ ամեն ինչ նորմալ է»:

Արդեն աշուն էր, արցախյան հրաշք աշուններից մեկը: Հադրութի շրջանի Ուղտաձոր (Էդիլլու) գյուղի ազատագրման համար համառ մարտեր էին մղվում: Ադրբեջանցիները, ամրանալով գյուղի մերձակա բարձունքներում, հարմար դիրքերից կրակով ճնշում էին հայկական ուժերին, խանգարում առաջացմանը: Կատաղի մարտեր էին ընթանում: Այդ հատվածում կապն ապահովվում էր դաշտային հեռախոսով: Հանկարծ, գրոհի ամենավճռական պահին կապն ընդհատվեց: Հեռախոսալարը հրետակոծությունից կտրվել էր: Հեղինեն դուրս թռավ խրամատից եւ, բռնելով լարը, վազեց առաջ՝ գտնելու վնասված տեղը: Ադրբեջանցիները, նկատելով վազող կապավորին, կրակի տակ առան: Ընդհանուր հրետակոծությանն ավելացավ նաեւ գնդակոծությունը: Հեղինեն, իր վրա ուղղված կրակն զգալով, ցատկեց մոտիկ ձագարի մեջ, մի քիչ սպասեց, ապա դուրս սողաց եւ նորից վազեց: Տղաներն ուժեղ կրակով ցանկանում էին լռեցնել թշնամուն, բայց չէր հաջողվում, որովհետեւ վերջիններս, դիրքավորված լինելով բարձունքների վրա, օգտվում էին իրենց դիրքային առավելությունից:

Հեղինեն վերջապես գտավ կտրվածքը, երկու ծայրերը միացրեց: Կապը վերականգնված էր, բայց ինքը մնացել էր թշնամու կրակի տակ: Նկատելով մոտիկ ձորակը, արագ սողաց այնտեղ: Գնդակները հարվածում էին չորս կողմը, հողի շատրվաններ բարձրացնում: Հանկարծ սուր ցավից կարծես կաթվածահար եղավ: Վերքը ծանր էր, չկարողացավ հասնել ձորակին:

Հեղինեին տեղափոխեցին Հադրութի հիվանդանոց, բայց վերքը մահացու էր: Դեռ վիրահատական սեղանին չհասած՝ մահացավ, մինչդեռ խոստացել էր վերադառնալ. «… Այս անգամ քիչ եմ գրում, գրելուց բան դուրս չի գա, պիտի պատմես: Թույլ տվեք այսքանով ավարտեմ նամակս եւ համբուրեմ բոլորիդ: Անպայման կգամ, որովհետեւ շատ եմ կարոտել ձեզ: Ցտեսություն: Ձեր Հեղինե Բդոյան»:

Հեղինեի զոհվելը ցավալի էր մարտական ընկերների համար: Վեց ամիս միասին էին եղել, ընտելացել, սիրել: Իր անկրկնելի ժպիտով շատերին էր հմայել: Նրա մահն ամենից ծանր տարավ մարտական ընկերուհին՝ Ռուզաննա Եսայանը, ով նրան սիրել էր հարազատ քրոջ նման ու, որպես նրանից տարիքով մեծ՝ միշտ իր հովանավորության տակ էր վերցրել: Ռուզաննան իր ցավը դրեց հերթական բանաստեծղության տողերի մեջ.

Նայում եմ ես ճանապարհիդ,
Որով անցար այնպես դաժան,
Սպասում եմ ճանապարհիդ՝
Գուցե ետ գաս, Հերմինե ջան:
Դու ապրել ես, դու ապրում ես
Պիտի ապրես հար ու անշեջ,
Կյանքով բաժան մեր սրտերում,
Հոգիներում անվերջ-անվերջ:

 

Ետ չեկավ Հեղինեն: Ի՞նչ իմանար Ռուզաննան, որ երկու ամիս չանցած ինքն էլ է գնալու Հերմինեի եւ մյուս անմահների ճանապարհով:

Հերմինեն շատ էր ցանկանում ընդունվել բժշկական ուսումնարան: Աշխույժ, կատակասեր, հյուրասեր մի աղջիկ էր: Կարող էր հիանալի բուժքույր եւ մայր լինել, սակայն գերադասեց լինել հայրենիքի զինվոր, որովհետեւ կյանքի հրամայականն այդ էր պահանջում:

 

Հովիկ Վարդումյանի «Ատվածների կանչը» գրքից

 

 

 

Leave a comment