ԿԱՐՃԱՏԵՎ, ԲԱՅՑ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԿՅԱՆՔ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱՐՏԱՇԵՍԻ

Ծնվել է 1975 թվականի փետրվարի 23-ին, Եղեգնաձոր քաղաքում: Սովորել է տեղի թիվ 3 դպրոցում մինչեւ 8-րդ դասարանը, իսկ 1992 թվականին ընդունվել է Եղեգնաձորի էլեկտրատեխնիկում:

***

Ճակատագիրը Գայանեին երես չէր տվել: Տասնհինգ տարեկան էր, երբ մահացավ մայրը: Կարճ ժամանակ անց անկողին ընկավ հայրը: Շեն օջախը միանգամից դատարկվեց: Ընտանիքի հոգսը մնաց Գայանեի ուսերին: Հորեղբոր կնոջ օգնությամբ հոգում էր բոլորի մասին: Գործիմաց, աշխույժ, աշխատասեր աղջիկ էր:

17308707_1385399491517645_1555271312819289512_nԵղբայրը՝ Սարգիսը, հաճախ էր Եղեգնաձորի ջոկատի հետ գնում Խաչիկ գյուղի դիրքերը: Շուտով սկսեց գնալ նաեւ Արցախ: Երբ վերադառնում էր, Գայանեն լվանում, կարգի էր բերում համազգեստը, մաքրում էր զենքը: Հետո, երբ մենակ էր մնում, հագնում էր եղբոր համազգեստը, զենքն ուսը գցում, կանգնում հայելու առաջ: Արյունը եռ էր գալիս:

Անհասկանալի են Աստծո գործերը, անիմանալի՝ ճանապարհները: Իհարկե, պատերազմը տղամարդու գործ է, սակայն քի՞չ տղամարդիկ կային, որ ամեն ինչ կտային ոչ միայն Արցախից, այլեւ Երեւանից ճողոպրելու եւ անվտանգ տեղ ապրելու համար: Այդ մարդիկ կարո՞ղ էին հասկանալ, թե ինչու էին կամավորական տղերքը երգելով, պարելով ու ծիծաղելով գնում ստույգ մահվան: Եվ ո՛չ մեկ, այլ՝ բազմաթիվ անգամներ…

Գայանեին ձգում էր Արցախը: Այդ սեւեռուն գաղափարը նրան հանգիստ չէր տալիս: Մի օր էլ խոսեց եղբոր հետ: Եղբայրը ժխտական պատասխան տվեց՝ կռիվը քո տեղը չի: Սակայն, երբ Գայանեն մի բան որոշում էր, անպայման ձգտում էր իրագործել:

Բոլորից գաղտնի պատրաստվում էր: Եվ ահա, 1993 թվականի սեպտեմբերի 15-ին փախնում է Արցախ: Կարգին չգիտեր էլ, թե ուր է գնալու, ինչ էր անելու, սակայն, կարծես, այս անգամ բախտը բերեց: Ստեփանակերտում հանդիպեց Մարտակերտի գումարտակի բուժքույր Թամար Աբրահամյանին: Այդ ժամանակ գումարտակը մարտեր էր մղում Մարտակերտի շրջանում: Չնայած ադրբեջանցիները ջախջախիչ հարված էին ստացել, բայց ձգտում էին վերականգնել հավասարակշռությունը: Պատրաստվում էին վերջին լայնածավալ հարձակողական գործողություններին, ինչը պիտի ավարտվեր լիակատար ձախողմամբ:

Թամարը Գահանեին ներկայացրեց տղերքին, ասաց՝ բոլորդ պիտի սիրեք ու հարգեք ինչպես հարազատ քրոջ: Իսկ ինքն իսկական մայրություն էր անում: Հրամանատար Իլիչ Բաղրյանն ասաց՝ կմնաս հենակետում, կօգնես, գործ շատ կա: Ամենից հաճելի գործը Գայանեի համար դիրքեր սնունդ հասցնելն էր:

Մեկ ամիս մնաց հենակետում: Զգում էր, որ այդ աշխատանքն իր համար չէ: Ամեն օր խնդրում էր հրամանատարին՝ ցանկանում էր դիրքերում լինել, տղերքի կողքին: Հրամանատարն անդրդվելի էր:

Մի անգամ դիրքեր գնալիս շրջապատման մեջ են ընկնում, հենց այդ ժամանակ էլ Գայանեն ապացուցում է, որ իսկական զինվոր է: Խնձորի այգու վերեւի բլրի վրա հակառակորդի մի խումբ էր դարանակալել: Մինչ թշնամին աշխատում էր սեղմել շրջապատման օղակը, նրանց նշանառում մեկ-մեկ որսում էր հայ ազատամարտիկներին: Հրամանատար Իլիչը Գայանեին եւ գնդացրորդին թողնում է ներքեւում, որ թշնամու կրակն իրենց վրա վերցնեն, շեղեն նրա ուշադրությունը, իսկ ինքը՝ մնացած զինվորների հետ, շրջանցում է թշնամուն: Ուկրաինացի վարձկան նշանառուին եւ ադրբեջանցի գնդացրորդին գերեվարում են, մնացածին՝ ոչնչացնում: Այդ միջադեպից հետո հրամանատարն այլեւս չէր կարող մերժել Գայանեին:

Դեկտեմբերից սկսվում են թեժ մարտերը: Գայանեն որպես բուժքույր օգնում էր Թամարին: Դժվար էր, հատկապես առաջին ծանր վիրավորին օգնություն ցույց տալը՝ ծորացող արյան գույնին եւ մահվան պարին ընտելանալ էր պետք: Ավելի ծանր էր ընկերոջ խեղված մարմինը ձեռքերի վրա տեղափոխելը: Սակայն Գայանեն զինվոր էր ծնված: Տղաները սիրեցին նրան, զգացին նրա արժեքը՝ որպես ընկերասեր, անձնազոհության պատրաստ եւ, իր տարիքի համեմատ, հասունացած, կազմակերպված մարդու:

Մի քանի ամսվա մեջ բոլորը սիրահարված էին Գայանեին, ու բախտը ժպտաց վաշտի գնդացրորդ Արամին: Ազատ ժամերին Արամն ու Գայանեն առանձնանում էին: Իսկական, մաքուր եւ մեծ սեր էր: Հրամանատար Իլիչն ասաց՝ մարտերը վերջանան, հարսանիք ենք անում: Այդպես էլ արեցին: Գումարտակի առաջին հարսանիքն էր: Բոլորը երջանկություն մաղթեցին նորաստեղծ ընտանիքին:

Ուրախությունը, սակայն, երկար չտեւեց: Հարսանիքից հինգ ամիս անց Մատաղիսի համար մղվող մարտերից մեկում զոհվեց գնդացրորդ Արամը: Իսկ Գայանեն երեխայի էր սպասում: Ճակատագիրը նորից անողոքաբար հարվածեց:

Գայանեն երկար չողբաց՝ ժամանակ չկար: Վերցրեց ամուսնու գնդացիրն ու այլեւս վայր չդրեց: Մեծ էր վրեժը՝ ճակատագրի, աշխարհի, թշնամու հանդեպ: Կռվում էր քաջաբար, առանց իրեն խնայելու: Կյանքն արդեն կորցրել էր իմաստը, ապրել-չապրելը միեւնույնն էր:

Եկավ 1994 թվականը: Ադրբեջանցիները նորից խորանում էին Մարտակերտի շրջանի տարածքում: Արցախյան զորամիավորումներն, աստիճանաբար նահանջելով, թշնամուն էին թողնում մեծ զոհերի գնով ազատագրված գյուղերը: Գումարտակը պաշտպանական մարտեր էր մղում Մաղավուզ գյուղի մատույցներում: Հունվարի 9-ին դիրքերում չորսով էին՝ Գայանեն եւ Չայլու գյուղից երեք ազատամարտիկ: Հարաբերական դադար էր: Թշնամու մի ստորաբաժանում, առաջանալով, գրոհի նետվեց: Անսպասելի էր, սակայն հանկարծակիի չեկան, ինչպես հարկն էր՝ դիմավորեցին թշնամուն: Ավագը հայտնեց շտաբ: Հարկավոր էր դիմանալ, մինչեւ հասնեին օգնական ուժերը՝ թիկունքում գյուղն էր, որտեղ խաղաղ աշխատանքով էին զբաղված վերաբնակեցված մաղավուզցիները:

Անհավասար մարտ սկսվեց:

– Մենք այստեղից ինքնակամ չենք հեռանա, – ասաց Գայանեն եւ ծիծաղեց: Տղամարդիկ զարմացան նրա ծիծաղի վրա՝ բոլորովին վախ չուներ:

Ադրբեջանցի զինվորները գիտեին, որ կռվողները քիչ են, համարձակորեն առաջ էին գալիս, սակայն հայ ազատամարտիկները կրակում էին դիպուկ, դիմահար կրակով ոչնչացնում հակառակորդին: Գայանեն յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի մեջ տեսնում էր ամուսնուն սպանողին, եւ վրիժառու գնդակներն հասնում էին իրենց նպատակին:

Գրոհը կարճ տեւեց: Ադրբեջանցիները, այնուամենայնիվ, կարողացան շրջանցել եւ բոլոր կողմերից կրակի տակ առնելով՝ ոչնչացնել գյուղի հերոս պաշտպաններին, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գյուղ թափանցել: Օգնության շտապողները հասան եւ, ընթացքից գրոհի մեջ մտնելով, դուրս շպրտեցին հակառակորդին:

Գայանեն ինչպես լուռ ու աննկատ հեռացել էր հայրական տնից, նույն կերպ էլ վերադարձավ եւ հաստատվեց Եղեգնաձոր քաղաքի «Եռաբլուրում»: Այնքան լուռ, որ հայրենի քաղաքում համարյա ոչ ոք չգիտի նրա սխրանքի մասին, այնինչ պետք է, շատ է պետք, որ իմանան: Պետք է հենց իրենց՝ ողջերի համար, որովհետեւ Գայանեն իր կարճատեւ, բայց հերոսական կյանքով նրանց հնարավորություն ընձեռեց ապրել ազատ ու անկախ հայրենիքում: Վաղը, եթե նորից անհրաժեշտ լինի, կրկին զոհված հերոսների ոգին է առաջնորդելու նոր հաղթանակների: 

Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» գրքից

Leave a comment