ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ՑԱՎԸ

ՂԱՐԱՅԱՆ ՔԱՆԱՔԱՐԱ ՄԻՔԱՅԵԼԻ

Ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: 1955 թվականին ընդունվել եւ 1965 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Նույն թվին ընդունվել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան, որն ավարտելուց հետո մեկնել է աշխատելու Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: Հետագայում տեղափոխվել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, ապա՝ մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք:

Ամուսնացած էր, ունի երկու աղջիկ:

Զոհվել է 1992 թվականի հուլիսի 13-ին, Քարագլուխ գյուղի պաշտպանության մարտերում:

***

Հայրենիքի ազատության համար կամավոր զոհաբերության գնացողները սովորական մարդիկ չեն, նրանք մեջ գերիշխում են սերը, գթությունը, կարեկցանքը:

17359045_1383641738360087_4477118428766274021_oՔանաքարայի հարազատների ու զինակիցների անմեղ պատմություններից զգում եմ, որ չեմ սխալվել՝ այդպիսին է եղել Քանաքարան՝ մեր առաջին, մեծ ցավը, առաջին կին-ազատամարտիկ զոհը:

Դեռեւս պայքարի սկզբնական շրջանում, երբ դեռ խորհրդային բանակի ստորաբաժանումներն էին տերուտնօրինություն անում Արցախում, մի տղա՝ հետապնդումից խուսափելու համար, ներս խուժեց հիվանդանոց եւ, հազիվ շունչը տեղը բերելով, բացատրեց, որ իրեն հետապնդում են: Քանաքարան առանց հապաղելու տղային պառկեցնելով՝ սիստեման միացրեց: Ռուս զինվորականների մտքով անգամ չէր կարող անցնել, որ մի հասարակ բուժքույր կարող է հանդգնել մոլորեցնել իրեն: Իսկ այդ ժամանակներում նման արարքները շատ խիստ էին պատժվում: Քանաքարան, շատ լավ պատկերացնելով իր արարքի հետեւանքները բռնվելու դեպքում, գիտակցաբար գնում էր փորձության, կյանքը վտանգի տակ էր դնում:

Նորից այդ օրերին էր: Թուրք ՕՄՕՆ-ականները Խոջալուի օդանավակայանում մի երիտասարդի էին բռնել: Շատերն էին անցնում՝ առանց ուշադրություն դարձնելու, չէին ցանկանում իրենց կյանքը վտանգի ենթարկելով միջամտել: Իսկ Քանաքարան չկարողացավ անտարբեր անցնել, մոտեցավ եւ թուրք ՕՄՕՆ-ականներին տալով մոտը եղած ամբողջ գումարը, ազատեց անծանոթ տղային: Հետեւաբար, պատահականություն չէր, որ Քանաքարան հենց առաջին օրվանից շարժման առաջատարներից էր: Ակտիվորեն մասնակցում էր միտինգներին, նստացույցերին: Ձմռան ցրտերին քրոջ՝ Ստելլայի, հետ տաք թեյ էին տանում նստացույցի մասնակիցներին, իսկ Սումգայիթի դեպքերից հետո, երբ հուսալքված ժողովուրդը ցրվում էր հրապարակից, ինչպես բոցավառ ջահ, հանկարծակի հայտնվեց բեմահարթակում եւ կոչերով խանդավառեց, հայրենասիրական բանաստեղծություններով բորբոքեց մարող կրակը, ժողովրդին վերադարձրեց դեպի պայքարի ուղին:

Պայքարի մեջ ժամանակն անցնում էր աննկատ: Քանաքարան հեքիաթի հերոսի նման հաղթահարում էր բոլոր դժվարությունները. ե՛ւ հերթապահում էր հիվանդանոցում, ե՛ւ երկու երեխաների հոգսը քաշում, ե՛ւ՝ գլխովին մխրճված ազգային-ազատագրական շարժման փոթորկի մեջ, մասնակցում էր բոլոր գործողություններին: Գիշեր-ցերեկ չկար, երկմտելու կամ երկար խորհելու ժամանակ չկար՝ քարերը նետված էին, հարկավոր էր հարմարվել, վերակերպվել ժամանակին ու իրադարձություններին համապատասխան: Իսկ իրադարձությունները փոխվում էին անսպասելի, անկանխատեսելիորեն: Միտինգներից անցնում էին ընդհարումների, ընդհարումներից՝ կռիվների:

1992 թվականին Ստեփանակերտն արդեն այնպիսի ահավոր հրթիռա-հրետակոծման էր ենթարկվում, որ բնակիչներն ստիպված էին ժամանակավորապես պատսպարվել գյուղերում: Քանաքարան էլ ընտանիքով տեղափոխվեց Ասկերանի շրջանի Խնձորեստան գյուղը: Այդ գյուղում դեռեւս 1991 թվականից Ներսես Ղուլյանի ջանքերով ինքնապաշտպանական ջոկատ էր ստեղծվել, որի հիմնական առաջադրանքը Քարագլուխ գյուղի պաշտպանական դիրքերը պահելն էր: Ջոկատը, զենք ու զինամթերք հայթայթելով, աստիճանաբար մեծացել էր, Խոջալուի ազատագրման համար մղվող մարտերին մասնակցելուց հետո դարձել վաշտ ու ավելի ընդլայնել գործողությունների շրջանը՝ Ասկերան ավանի պաշտպանություն, Քյաթուկ գյուղ եւ այն: Վաշտն օր-օրի ավելի շատ էր ընդգրկվում մարտական գործողությունների մեջ, զոհեր ու վիրավորներ ունենում: Հարկավոր էր մի բանիմաց բուժքույր, որ ժամանակին օգնություն ցույց տար, փրկեր վիրավորների կյանքը, եւ Քանաքարան իսկական գանձ էր նրանց համար: Նա հրաշքի նման երավ: Ե՛վ բուժքրոջ պարտականություն էր կատարում, ե՛ւ խոհարար էր, ե՛ւ տղաների հագուստներն էր լվանում, միեւնույն ժամանակ՝ պահակակետում հերթապահում:

Շուշիի ազատագրման օրերին Քարագլխի ուղղությամբ թուրքերը մեծ ճնշում էին գործադրում, որպեսզի հնարավորին չափ շատ ուժեր զբաղեցնեն եւ թեթեւացնեն Շուշիում կռվող իրենց զորամասերի վիճակը: Վաշտի հին տղերքը՝ Վլադիկը, Յուրին, Ռոմիկը, Սերժիկը, Արսենը, հրամանատարի հետ անընդհատ դիրքերում էին: Նրանց հետ դիրքերում էր լինում նաեւ Քանաքարան: Նա առանց հանգստանալու, անքնությունից տառապելով, երբեմն հազիվ կարողանալով ոտքի վրա կանգնել, չէր հեռանում դիրքերից, միշտ կռվող տղաների կողքին էր: Ամեն օր լսում էր, տեսնում էր՝ տղերք էին զոհվում, լավագունները, եւ նրա մեջ ալիքվում էր վրեժը թուրք կեղեքիչների հանդեպ: Թուրքի, որն արդեն քանի դար կպել էր իր ազգի կռնակին ու պոկ չէր գալիս, որը չի հագենում եւ ուզում է այս մի կտոր հողն էլ կուլ տալ ու վերջնականորեն ջնջել իր ազգի անունն աշխարհի երեսից: Իսկ երբ խաղաղ բնակիչներ էին զոհվում… Կարճատեւ հանգստից հետո դիրքեր էին վերադառնում: Երբ անցնում էին Նորագյուղով, թշնամական ինքնաթիռները գրոհեցին: Ռումբերից մեկն ընկավ գյուղի գրասենյակի վրա: Կանայք ու երեխաներ զոհվեցին: Ինչպես էր հուզվել Քանաքարան, արցունքները հոսում էին այտերի վրայով: Հոգեկան ինչպիսի՜ տառապանք էր:

Հունիսի 12-ին Քարագլխի ուղղությամբ թուրքերը մեծամասշտաբ հարձակումներ սկսեցին. ցանկանում էին Շուշիում կրած կորուստներն այստեղ վերականգնել՝ Աղդամի նման հզոր հենակետ ունենալով: Թուրքերի գրոհներն ավարտվեցին նրանց կատարյալ պարտությամբ: Վաշտը նույնպես կորուստներ ունեցավ՝ զոհվեց հրամանատարը, զոհվեցին այլ խիզախ տղաներ:

Թուրքերը, համոզվելով, որ իրենց հարձակողական գործողություններն ի սկզբանե դատապարտված են, որոշեցին ուժեղ հրթիռա-հրետակոծությամբ ընկճել հերոս պաշտպաններին: Քանաքարան՝ մի ձեռքում ավտոմատը, մյուսում՝ սանիտարի պայուսակը, միշտ պատրաստ, տղերքի կողքին էր:

1992 թվականի հուլիսի 13-ն ամառային շոգ օր էր: Թուրքական հրետանին սովորականի նման անընդհատ խփում էր հայերի պաշտպանական դիրքերին՝ ցանկանալով խուճապի մատնել հակառակորդին, հանել նրան դիրքերից: Հրետակոծության հետեւանքով շուտով վիրավորներ եղան: Քանաքարան վազեց դեպի վիրավորներից մեկը, հետո շտապեց հաջորդի մոտ: Ցանկանում էր հասնել երրորդին, երբ կողքին արկ պայթեց: Վերքը մահացու էր: Հասցրեց հիշել միայն դստրիկներին՝ Էթերիին ու Անահիտին… Միայն մի ակնթարթ:

Քանաքարան առաջին կին-ազատամարտիկն զոհն էր, եւ ծանր ու մեծ էր կորստի ցավը: Ողջ Ստեփանակերտն էր սգի մեջ:

Եվ առավել օրհնված ու սուրբ են առաջին զոհերը, որովհետեւ նրանք աստվածաշնչյան այն ցորեններն են, որ մեռնում են բազմաթիվ իրենց նմաններին կյանք տալու համար: Եվ նրա հետքերով եկան շատերը: Եկան, կանգնեցին կռվող տղերքի կողքին ու նրանց ոգեշնչեցին դեպի նոր հաղթանակներ:

Հովիկ Վարդումյանի «Աստվածների կանչը» գրքից

Leave a comment