ՍՊԻՏԱԿ ԱՂՎԵՍԸ

ՍԱՀԱԿՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱԶԳԵՆԻ
Ծնել է 1970 թվականի մարտի 9-ին, Երեւանում: 1977 թվականին ընդունվել է Երեւանի թիվ 74 դպրոցը: Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է տեխնիկական ուսումնարան ու ստացել քիմիկոս լաբորանտի մասնագիտություն: Ամուսնացած էր, երկու երեխայի մայր: Զոհվել է 1993 թվականի մարտի 9-ին, Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերի ժամանակ:
***
Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Նաիրան հոգեկան տագնապի մեջ էր՝ անհաղթահարելի ցանկություն ուներ գնալու Արցախ, մասնակցելու ազատագրական պայքարին, բայց երկու փոքրիկ երեխաներին չէր կարող թողնել: Ամուսինը գնացել, կորել էր Արցախում: Անընդհատ մտածում էր, որ մի օր չի կարողանալու հաղթահարել աներեւակայելիորեն զորացող ցանկությունը, եւ փոքրիկ աղջկան ու տղային թողնելով տատիկի խնամքին, գնալու է: Այդպես էլ եղավ՝ զինվորագրվեց «Աղբյուր Սերոբ» ջոկատին: 1991 թվականին էր: Հենց այդ թվականի ամռանն էլ ջոկատը մեկնում էր Ասկերանի շրջան եւ բուժքրոջ կարիք ուներ: Վերջապես ծնողներին հայտնեց, որ գնալու է:
– Էս էրեխեքին ո՞նց ես թողնում, – արցունքները սրբելով խնդրեց մայրը, – ունեցած-չունեցած միակ ճրագս դու ես: Տղա ես՝ դու ես, աղջիկ ես՝ դու ես:
Ասկերանից հետո նույն թվականի աշնանը գնացին Լաչին: Թեժ մարտեր էին գնում: Այստեղ արդեն Նաիրան ոչ միայն գթություն քույր էր, այլեւ՝ զինվոր: Հեշտությամբ տիրապետեց զենքի տարբեր տեսակներին, դարձավ անվրեպ նշանառու:
1992 թվականի աշնանը ջոկատը նորից պիտի մեկներ Քաշաթաղի (Լաչին) շրջան: Հրամանատարությունը որոշեց Նաիրա Սահակյանին այս անգամ չընդգրկել ջոկատի կազմում: Խղճին դեմ բան էր՝ թողնել փոքր երեխաներին առանց մոր:
– Մինչեւ Գորիս հետեւներիցս եկավ, – ցավով եւ հիացմունքով հիշում է «Աղբյուր Սերոբ» ջոկատի հրամանատար Համլետ Հակոբյանը, – ստիպված էինք տեղի տալ:
Նաիրան անընդհատ կատարելագործվում էր զինվորական արվեստի մեջ: Բացի գերազանց հրաձիգ, անվախ մարտիկ լինելուց, ի հայտ բերեց նաեւ հմուտ հետախույզի հատկանիշներ: Ջոկատի հետախույզների հետ գնում էր թշնամու թիկունք, կատարում հրամանատարության ցանկացած առաջադրանք: Անհրաժեշտության դեպքում ճարպկորեն խույս էր տալիս հակառակորդից, կորցնում հետքերը, տեղեկություններ հավաքում եւ վերադառնում: Իսկ գրոհի ժամանակ, եթե պետք էր լինել գթության քույր, իր տեղում էր, եթե պետք էր, վերցնում էր զենքը, տեղ գրավում կռվող մարտիկների կողքին: Մոտիկից ճանաչողները պնդում են, որ նա ընդհանրապես չուներ վախի զգացում:
Նառայի անունը, ինչպես սիրով նրան անվանում էին մարտական ընկերները, շուտով հայտնի դարձավ բոլոր ջոկատներում, բարձրագույն հրամանատարությանը: Եվ զարմանալի չէր, որ նրան իր ճարպկության, անվախության, թշնամուն հմտորեն մոլորեցնելու կարողության, հմուտ հետախույզ եւ զինվոր լինելու համար կնքեցին «Սպիտակ աղվես» անվամբ: Այսպիսի պատվի արժանանալ կերազեին տղամարդ ազատամարտիկներից շատերը:
1993 թվականի գարնանը նոր գործողություններ էին սպասվում պատերազմական թատերաբեմում: Ազերիները վիրավոր Արցախի սրտի մեջ ասպատակում էին Մարտակերտի շրջանի գրավված տարածքները: Որոշված էր՝ ինչ գնով էլ լինի, գարնանը ետ շպրտել թշնամուն: «Աղբյուր Սերոբ» ջոկատը նույնպես մեկնելու պատրաստություններ էր տեսնում: Հրամանատարությունն այս անգամ վճռականորեն հրաժարվեց Նաիրային վերցնելուց: Համոզեցին, որ մնա փոքրահասակ երեխաների հետ: Զարմանալի է, բայց ճշմարտություն՝ ով մի անգամ եղավ սարերում, անցավ պատերազմի կրակով ու դուրս եկավ թրծված, նա այլեւս իրենը չէ: Նրան կանչում է պատերազմի փողը՝ կանչն անհաղթահարելի: Եվ Նաիրան Արցախ մեկնելու այլ ճանապարհ գտավ:
Փոխգնդապետ Մարդանյանի հրամանատարությամբ գունդ էր կազմավորվում մարտադաշտ մեկնելու համար: Դիմեց գնդի հրամանատարությանը: Իսկ ո՞վ կհրաժարվեր նման թրծված, անուն հանած զինվորից:
Մարտի սկզբին ճանապարհվեցին: Ոսկան Գյուլումյանի գումարտակը տեղավորվեց Կուսապատ գյուղում: Հակառակորդն արդեն ետ էր շպրտվել Սարսանգի ջրամբարից այն կողմ: Շտաբը եւ պահեստայինները մնացին Կուսապատում, մնացածը, գիշերով շարժվելով առաջ, դիրքավորվեցին անմիջապես ջրամբարից սկսվող բարձունքների վրա: Ազերիները նկատել էին գումարտակի տեղաշարժը եւ մարտի 9-ի լուսաբացին, վնասազերծելով ձախ կողմի պահակետը, թափանցեցին թիկունք՝ շրջապատման մեջ գցելով դիրքավորված զորամիավորումը:
Նաիրան Սանասարի, Հրաչի, Գափոյի հետ հարմար դիրքավորվելով սպասում էին լուսաբացին: Ի՞նչ էր խոստանում լուսաբացը: Արդեն տերեւակալող ծառերի շրշյունը, գիշերահավերի խորհրդավոր ծլկթոցը լավատեսությամբ էին տրամադրում:
– Վաղը ծննդյանս օրն է, – ցածրաձայն ասաց Նաիրան:
– Կնշենք, – նույնպես ցածրաձայն ծիծաղեցին տղերքը, – եթե հարձակում լինի, քեզ լավ նվերներ կանենք:
Թիկունքում տարօրինակ իրարանցում սկսվեց: Ազերիները գրոհեցին հանկարծակի եւ միանգամից բոլոր դիրքերի վրա: Ահեղ մարդ սկսվեց:
Նաիրան գործի դրեց ավտոմատը, եւ գերազանց նշանառությամբ մեկը մյուսի հետեւից գետին տապալեց առջեւից եկողներին: Տղաները նույնպես կրակում էին տարբեր կողմերից հայտնվող ազերիների վրա: Հարձակվողները, որ դիմադրության չէին սպասում, հանկարծակիի եկան, ցրվեցին, կորան տեսադաշտից: Սակայն կողքի դիրքերից մի քանիսը հենց առաջին գրոհից քայքայվեցին: Մեծ իրարանցում սկսվեց: Շրջապատման մեջ ընկածները, օգտվելով անտառոտ տեղանքից, աշխատում էին դուրս պրծնել, տանելով վիրավորներին ու զոհերին: Գերակշռությունն ադրբեջանցիների կողմն էր, հանկարծակիության գործոնը կատարել էր իր դերը:
Նաիրան եւ տղաներն ընկան թշնամու գերակշիռ ճնշման տակ: Կրակում էին չորս կողմից: Ընկնում էին, անշարժանում, բայց շատ էին, անընդհատ առաջ էին մղվում: Նաիրան արդեն որերորդ ազերուն էր նշանառության տակ առնում՝ հաշիվը կորցրել էր: Հանկարծ լսեց Հրաչի ճիչը՝ խփել էին: Սիրտը կծկվեց: Ապա հիշեց՝ այսօր իր ծննդյան օրն է: Հրաչն էր, ասաց, եթե գրոհ լինի քեզ նվերներ կանենք: «Ե՛ս քեզ նվերներ կանեմ, Հրաչ»: Մի քանի ազերի եւս անշարժացան: Սակայն ինքն արդեն ուշադրության կենտրոնում էր: Հիմնական կրակն ուղղված էր իր վրա, եւ, երբ հերթական ազերուն էր նշան բռնում, ճակատին ուժեղ հարված զգաց: Մի ակնթարթ միայն հիշեց երեխաներին եւ որ այսօր իր ծննդյան օրն է: Ժպիտը սառեց շուրթերին:
Երբ գումարտակի պահեստային ուժերը հասան օգնության, գրոհն արդեն վերջացել էր: Ազերիները, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, ետ էին քաշվել: Սկսեցին փնտրել վիրավորներին եւ հավաքել դիակները: Երբ մոտեցան դիակին, սոսկումը պատեց անգամ պատերազմի բովում թրծված զինվորներից շատերին: Նաիրայի փոքրիկ մարմինն ընկած էր առանց գլխի: Խոշտանգելով դիակը, թուրքերը կտրել, տարել էին գլուխը:
Մարտական ընկերները Նաիրայի մարմինը տեղափոխեցին եւ ամփոփեցին ազատամարտիկների սրբատեցի Եռաբլուրի գերեզմանոցում, եւ երկար ժամանակ գերեզմանին դրված էր նրա արյունաշաղախ բաճկոնը՝ որպես թուրքի բարբարոսության հերթական վկայություն եւ որպես զգոնության կոչ անող ահազանգ:
Նաիրան՝ արցախցի ծնողների միակ զավակը, իր անունը գրեց հայ ժողովրդի հերոսների երկաթագիր մատյաններում: Բարձրաձայն ասաց՝ ես եղել եմ, ու գնաց հավերժության ճանապարհով:
Հովիկ Վարդումյան
«Աստվածների կանչը»

Leave a comment