ԽՆԿԱՐԿԵՆՔ ՀԻՇԱՏԱԿԴ ՈՒ… ԵՐԴՎԵՆՔ

Անմահների փաղանգում կանգնեց նոր ֆիդայի, նոր զինվոր…

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին, Երեւանում: 1989 թվականին ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետն ու ընդունվել ասպիրանտուրա: Միաժամանակ աշխատել է ԵՊՀ քարտեզագրության լաբորատորիայում:

Հայաստանի Հ.Մ.Ը.Մ.-ի հիմնադիրներից էր: 1991 թվականի ապրիլին 5-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության անդամ:

1990 թվականից Հ.Յ.Դ. անդամ էր:

Զոհվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին, Հասանաբադի պաշտպանության ժամանակ:

IMG_0002

Գեւորգ Չաուշը խփվեց…

Աղբյուր Սերոբն ու Նիկոլ Դումանը, Դրոն, Արամն ու Ռուբենը չկան…

Դղրդյունով արձագանքեցին այս անունները հայոց երկնակամարում: Հետո եղավ լռություն: Միայն արեգակի կռիվը մնաց լռության դեմ, մինչեւ որ ուշքի գայինք այդ կորուստներից, արթնանայինք: Արթնանայինք ըմբոստացած մեր հավատք հեգնողների, մեր անցյալի պատմությունը եղծողների դեմ: Արթնանայինք՝ վկայակոչելով մեր նահատակ որդոց պատգամը. «Ով որ հաղթի, նա է արդարը»: Ցանկացիր եւ կունենաս…: Կրկնեցինք ու հավատացինք: Հավատացինք ու համառեցինք՝ ի զեն:

Ու եղավ լույս Հայաստանում:

Վերագտնված երջանկության, բախտավոր զգացման վայելքի մեջ հանկարծ նորից շանթվեցինք՝ հայրենիքի ազատությունն իրենց մահով սրբագործած տղաների անունները լսելով:

Վարդանը զոհվեց…

Վարդանը զոհվեց…

Վարդանը զոհվեց…

Ասում էինք, նայում իրար ու պապանձվում: Ուզում էինք սուտ լիներ: Գիտեինք ամենքս: Անշուշտ եւ ինքը՝ Վարդանը, գիտեր, որ հաղթության գինը արյուն-կռիվն է: Եվ գնացին նրանք, ովքեր ավելին էին, քան սովորական մարդը, քան մահկանացուն: Նրանք, ում զարկերակի տրոփյունի մեջ ելեւէջում էր մահվանն ուխտ արած անձնուրացների կանչը. «Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար»:

Օրը ցուրտ էր, ու ցուրտ էր ամենքիս հոգիներում: Տրամադրություն չկար: Ո՞ւմ ձեռքը կգնար մի ուրախ բանի մասին գրել Անհամբեր ենք, ուզում ենք ամեն վայրկյան Ղարաբաղից լուր առնել: Ամեն տխուր լուրից հետո նզովում ենք նախախնամությանը, որը համառում է՝ մեզ նահատակությամբ ստուգելու պայմանի մեջ: Ընդվզում ենք ճակատագրի դեմ: Սակայն քիչ հետո սթափվում ենք կրկին՝ մտաբերելով ֆիդայի որդու շիրիմի առջեւ խոնարհված մորը, ում մորմոքվող ձայնի մեջ հպարտություն կար:

Ապշելու է, չէ՞… մայրը չի ասում. «Չեմ ուզում հերոսություն, թող ապրեր որդիս»:

Այսպես է հավանորեն աստվածանում մարդը:

Այսպես տեսա Վարդանի մորը՝ Աիդային: Ես երբեք չեմ մոտեցել նրան: Համոզված եմ՝ չկա որեւէ մխիթարանք միակ որդուն կորցրած մոր համար: Բայց այս պահին էլ եւ միշտ մտքիս մեջ զրնգում են նրա խոսքերը. «Հերոս որդիս»: Աիդա մայրիկի համար մենք չունենք մխիթարանքի խոսքեր, բայց ինքը մեզ՝ Վարդանի ընկերների համար ունի՝ «Հերոս որդի»:

1318167221_vartan-baxshyan-1

Ղարաբաղում վայրկյանի արագությամբ թեժանում էր կռիվը: Ծանր լուրերն անհանգիստ էին դարձնում ամենքիս:

Վարդանն էլ հիշողություն դարձավ…

Երկու ամիս Բերդաձորում մնալուց հետո վերադարձել էր, բայց նորից մտածում էր գնալու մասին: Մի տեսակ խորթացել էր Երեւանից: Թեպետ երբեք էլ ոգեւորված չի եղելմայրաքաղաքով: Չնայած ծնվել է Երեւանում, իրադարձությունների բերումով ապրել Հոկտեմբերյանում, սակայն հոգեկան մտերմությամբ կապված էր Զանգեզուրին, իր ծնողների ծննդավայր Կապանին:

Ճնշվում էր, ուզում էր ժամ առաջ մեկնել Արցախ: Անընդհատր կրկնում էր. «Կյանքը Ղարաբաղում է, այստեղ չեն ապրում մարդիկ, հոգով մեռնում են»:

Հիացմունքով էր խոսում Բերդաձորի մասին, հպարտանում էր գյուղը պաշտպանող տղաներով: Մարտական ընկերների արածների մասին պատմում էր ոգեւորությամբ, իր մասին լռում էր: Վարդանն անմնացորդ նվիրվել գիտեր: Եթե ինչ որ գործ էր ձեռնարկում, պիտի անթերի կատարեր:

Ինձ չզարմացրին նրա ընկերների պատմությունները.

– Կռվի դաշտում մարդ բացահայտվում է մինչեւ վերջ: Վարդանն այնտեղ էր, ուր կրակ կար, ուր վտանգ էր սպառնում ընկերոջ կյանքին ու հայրենի հողին:

Վարդանին բերդաձորցիները սիրեցին հարազատ որդու պես: Ինչ ընտանիքում որ հյուրընկալվում էր, այլեւս ցանկալի ու սպասելի էր դառնում. «Մի քիչ էլ մնա, Վարդան ջան, մի քիչ էլ խոսիր, մեր երեխաները քեզնից շատ բան ունեն սովորելու»:

Իսկ այդ օրերին Վարդանի խոսքը հայրենիքի մասին էր, մարտակոչ էր հայրենյաց պաշտպանության: Իր պաշտելի հերոս-ֆիդայիների՝ Նիկոլ Դումանի, Դրոյի, Նժդեհի մասին էր՝ Հայ հեղափոխական դաշնակցության մասին:

Ազգային գաղափարին զինվորագրվելը պատասխանատվության ու պարտքի է կոչում յուրաքանչյուրին: Բայց ամենքը չէ, որ խորությամբ են ընկալում «ազատություն կամ մահ» պատգամը: Նա գիտեր ազգի հերոսներին, սերտել էր հայ ժողովրդի պատմությունը ոչ միայն սերունդներին փոխացնելու, այլեւ հերոսական պատմությանը կյանքի, անձնական օրինակով էջեր ավելացնելու համար: Այդպես էլ ապրում էր: Շատերն էին սովորում նրանից: Որեւէ մեկին դասեր չէր տալիս, չէր պարտադրում իր նման մտածել, իր պես ապրել: Ինքն ապրում էր ու հենց այդ ապրած կյանքն էր դաստիարակիչը, «նախանձելի» օրինակը:

– Ամեն անգամ Ղարաբաղ մեկնելուց առաջ ասում էին, որ ինքն էստեղ էլ շատ անելիք ունի: Այսօր ազատագրված մեր տարածքները պիտի ապագայում պաշտպանողներ ունենան: Իսկ դրա համար ազգային դաստիարակություն է պետք, ազգային ոգին փոխանցողներ են պետք, – պատմում է քույրը՝ Աննան:

Բայց նրան ոչ ոք չկարողացավ ետ պահել իր ընտրած ճանապարհից: «Իմ առաջին անելիքն այսօր հայրենիքի պաշտպանությունն է»: Սա էր Վարդանի պատասխանը:

Վարդանն իրոք այստեղ շատ անելիքներ ուներ: Դասավանդում էր Երեւանի «Խրիմյան Հայրիկի» անվան դպրոցում, պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ էր, գրում էր ավարտաճառ՝ «Հայաստանի վարչական բաժանումներն ըստ Օսմանյան արքունական մատյանների» թեմայով: Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության անդամ էր: Առիթներով դասախոսություններ էր կարդում՝ ունկնդիրներին հաղորդակից դարձնելով Հ. Յ. Դ. իրական պատմությանը: Վիրավորված էր այդ պատմության խեղաթյուրման համար:

Այս բոլորն էլ կարեւոր էին Վարդանի համար, այս ամենին մոտենում էր ամենայն պատասխանատվությամբ, բայց համոզված էր եւ համոզում էր, որ ինքը նախ եւ առաջ զինվորի պարտավորություն ունի Արցախ աշխարհում:

Գնաց Վարդանը, գնաց փաստելու, որ հայրենիքի փրկության համար չկա որեւէ սահման, ամենքը պարտավոր են զենքի կոչվել, եթե պահանջվում է: Գնաց փաստելու, որ անմեռ է ազգի մտավորական նվիրյալների ոգին:

53083335

Հասանաբադում էլ անհավասար մարտ էր մղվում: Դավադիր թուրքը մեծաքանակ զորքով ու զինամթերքով շրջապատել էր գյուղը: Այստեղ նրանց միացել էին նաեւ ռուսները:

Դիրքավորվում են, անընդմեջ տեղացող կրակահերթերից խուճապի չեն մատնվում տղաները, շարունակում են պաշտպանությունը ու հայտնվում են շրջապատման մեջ: Վարդանը մի քանիսի հետ ավելի առաջապահ դիրքերում է լինում: Կողքին վիրավորվում է ընկերներից մեկը: Վարդանը նետվում է առաջ՝ օգնելու ընկերոջը, ու… խփվում:

Այս գյուղի պաշտպանության համար զոհվեցին նաեւ Վաչեն ու Գագիկը:

Այս պատմությունները համազոր են աստվածների պատմություններին, որոնք անսկիզբ են ու անվերջ: Նահատակների անուններն այլեւս պատկանում են հայոց պատմությանը: Վարդան Բախշյան անունն էլ միացավ այն աստղաբույլին, որն առաջնորդելու է մեզ՝ որպես միտք, որպես նվիրում ու զոհաբերություն:

– Վերջին ամիսներին Վարդանը չափից ավելի ինքնամփոփ էր դարձել, մտախոհ էր ու տխուր: Նրա ուրախությունն էլ, տխրությունն էլ կապված էին միայն Արցախի հետ, – հիշում է Աննան:

Անհատականություն էր, բայց եւ բացառիկ հարգանք ուներ յուրաքանչյուրի կարծիքի հանդեպ: Շրջապատում աշխատում էր ամենքին պահել ուշադրության կենտրոնում: Տանել չէր կարողանում, երբ որեւէ մեկին փորձում էին վատաբանել: Ատում էր մարդու նսեմացումը:

Այսպես էր ապրում: Այսքան անկեղծ, այսքան անմիջական: Առաջին հայացքից կենսախինդ, ամեն ինչին թեթեւ նայողի տպավորություն կարող էր թողնել: Սակայն բավական խաբուսիկ էր նրա արտաքին պահվածքը: Խորքում չափից ավելի լուրջ էր, քան բնորոշ է իր տարեկիցներին: Ցանկացած երեւույթ փորձում էր գնահատել մանրամասն վերլուծելուց հետո միայն:

– Ես միշտ հպարտ եմ եղել, որ Վարդանի քույրն եմ: Նրա նահատակությունը չէ, որ ինձ հպարտություն է ներշնչում: Վարդանի գնահատումներն անառարկելի ճշմարտություններ էին, չափանիշ, որոնցով կողմնորոշվել եմ միշտ եւ այսօր էլ:

Քրոջ՝ Աննայի, այս խոսքերը բնական են, բայց Վարդանի մասին այսպես են արտահայտվում շատերը:

Ապրեց Վարդանը մեր աչքի առաջ, բայց ամեն ինչ չէ, որ կարողանում էինք տեսնել: Նա մտավորական զինվորի այն տեսակն էր, ում ավելի շատ պետք էր զգալ… ճանաչելը բավարար չէր:

Ես թերթեցի Վարդանի օրագիրը, որտեղ Ղարաբաղում ապրած օրերի գրառումներն էին: Զուսպ տողեր են, հիմնականը՝ պահանջ իրենից ու մյուսներից. «… Արգելվում է խոսել, ծխել շարքում: Կատարել միայն հրամանատարի հրահանգը՝ անձնական կարծիքը պահելով: Գերագույն հարգանք ու հանդուրժողականություն ընկերների հանդեպ: Զերծ մնալ քաղաքական գունավորումներից եւ գնահատականներից»:

Հավանաբար կա նախախնամություն, եւ աստված միշտ ընտրում է լավագույններին: Սա պատիժ չէ: Կորուստը մեզ ավելի է ամրացնում, գտնում ենք մեզ եւ հույսներս մեր վրա դնում: Անշուշտ, ամենք Վարդան չենք կարող լինել, բայց յուրաքանչյուրս պարտավոր ենք պատվախնդիր լինել այդ անվան հանդեպ, ինչպես ինքն էր վերաբերվում Մեծ Վարդանին, իր երկրպագած մյուս հայրենասերներին: Ու երբեք չմոռանանք, որ մեր հաղթանակներով են հավերժանալու այդ հիշատակները, արժանապատիվ ապրելով ենք վաստակելու նրանց անունը տալու իրավունքը:

Համոզված եմ՝ Վարդանն իմացավ Շուշիի ազատագրման լուրը, որին այնքան կարոտով էր սպասում: Համոզված եմ՝ այդ պահին լույս ճառագեց նրա շիրմաթմբից: Այդ լույսից պիտի ուժ առնենք ու երդվենք նրա չապրած կյանքով: Այս են պահանջում հայոց ոգին հավերժացնողները: Երդվենք… «Որովհետեւ ամէն յոյս զՔեզ կը յուսայ, եւ ամէն Ապագայ զՔեզ կը պաղատի, զարկ, վասնզի Ազատութիւն եւ ամէն Արեւ քու հարվածիդ կայծերէն պիտի ծնանին»:

Ափսոս…: Վարդանի տեղը միշտ դատարկ է մնալու ապրողներիս կողքին: Եվ միշտ հետ ենք նայելու. «Քո բազկի ուժով պիտի էլ ավելի հզորանար ազատ, անկախ Հայաստանը, քո մտքի զորությամբ պիտի ավելի հստակ ուրվագծվեր միացյալ Հայաստանի տեսլականը: Չեմ կարող չհանդիմանել քեզ՝ ինչո՞ւ այս անգամ ողջախոհ չեղար»:

«Երկիր», 1 հունիս 1992

Ռուզաննա Առաքելյան

Leave a comment